
«Մի փոքր քամի, և նրանք ընկնում են». Ժոզե Մոուրինիոն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիի նախօրեին փաստացի մեղադրել է մրցակիցներին նրանում, որ խաղի ընթացքում նրանք հաճույքով կորցնում են հավասարակշռությունը՝ հույս ունենալով գրավել մրցավարի ուշադրությունը:
«Տպավորվա՞ծ եմ արդյոք «Մանչեսթեր Սիթիի» խաղով: Նրանք լավ թիմ ունեն, և մրցակիցների խաղում ինձ շատ բան է դուր գալիս: Նրանք լավ պաշտպանվում են և շատ լավ արձագանքում են գնդակի կորստի ժամանակ:
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները լավ դինամիկա ունեն հարձակման ժամանակ, նրանք ստեղծագործ են: Նրանք ցնցող ֆուտբոլիստներ ունեն և ֆանտաստիկ մարզիչ: Բայց եթե Դուք ինձ հարցնեք՝ ինչ ինձ դուր չի գալիս, ես կպատասխանեմ, որ նրանք շատ հեշտ կորցնում են հավասարակշռությունը: Մի փոքր քամի, և նրանք ընկնում են»,- Մոուրինիոյին է մեջբերում The Telegraph-ը:
Մանչեսթերյան դերբին տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 20:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը