«Հետաքննությունների դաշնային բյուրոն անկախ է գործում Սպիտակ տնից»
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատությանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Հետաքննությունների դաշնային բյուրոյում աշխատում են տասնյակ հազարավոր մասնագետներ, փորձագետներ և աշխատակիցներ, ովքեր ջանք չեն խնայում որպեսզի պաշտպանեն ամերիկացիներին հնարավոր ահաբեկչական գործողությունից, քրեական տարրերից, Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի լրտեսներից»,- ասում է Ռեյը։
Այս հայտարարությանը նախորդել էր նախագահ Թրամփի թվիթերյան գրառումը, ուր նա մեղադրել էր ՀԴԲ-ին՝ Հիլարի Քլինթոնի դեմ մեղադրանքներ չառաջադրելու մեջ՝ կապված վերջինիս պետքարտուղար եղած ժամանակ անձնական էլեկտրոնային փոստ օգտագործելու հարցի հետ:
«Նախկին պետքարտուղարի կամ այս գործի հետ առնչություն ունեցող մարդկանց նկատմամբ մեղադրանքներ չառաջադրելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի առաջարկությունը շարունակում է լուրջ մտահոգության առիթ տալ, որ մեր արդարադատության համակարգը տարբեր մոտեցումներ ունի հարուստ և հզոր կապեր ունեցող անձանց ու մնացած սովորական մարդկանց նկատմամբ»,- ասում է հանրապետական կոնգրեսական Բոբ Գուդլաթեն, ով գլխավորում է Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը:
Այս խնդիրը ժամանակին պատճառ է եղել, որ նախագահ Թրամփը հեռացնի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին: Հետագայում, սակայն, նախագահն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հեռացման որոշումը կապված է եղել ընտրություններում ռուսական ներգրավվածության հարցի հետ: Այս պահին Քոմիի հեռացման օրինականության հարցի հետաքննությունը ղեկավարում է Ռոբերտ Մյուլերը:
Իսկ Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է քննադատության ենթարկվել:
«Ես ունեմ լուրջ կասկածներ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարության միասնականության հարցում՝ կապված Ձեր ղեկավարած կառույցի գործողությունների հետ»,- ասել է հանրապետական կոնգրեսական Ռոլ Լաբրադորը:
Իսկ դեմոկրատներն իրենց հերթին ցանկանում են պարզել, թե արդյոք Քոմիի պաշտոնանկությունը օրենքի սահմաններում էր:
«Տնօրեն Ռեյ, ունեք արդյո՞ք որևէ կասկած տնօրեն Քոմիի կամ գլխավոր դատախազ Սեշընզի տված վկայությունների վերաբերյալ»,- հարց է ուղղում դեմոկրատ կոնգրեսական Ջերոլդ Նադլերը:
Տնօրեն Ռեյը, սակայն, հրաժարվել է պատասխան տալ այս հարցին: Փոխարենը, նա վերահաստատեց, որ իր գերատեսչությունը գործում է անկախ Սպիտակ տնից:
Սակայն այս հարցերը պահպանում են իրենց արդիականությունը՝ հաշվի առնելով Ռոբերտ Մյուլերի շարունակվող հետաքննությունը: