Թաիլանդում փոխվարչապետից հաշվետվություն են պահանջել թանկ ժամացույցի վերաբերյալ. Bangkok Post
Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը Թաիլանդի փոխվարչապետ Փրավիթ Վոնգսուվանից պահանջել է 30-օրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել թանկարժեք ժամացույցի եւ ադամանդով մատանու վերաբերյալ, որոնք պատահաբար նրա ձեռքին նկատել են նախարարների կաբինետի լուսանկարման ժամանակ:
Դեկտեմբերի 8-ին այս մասին հայտնել է Bangkok Post թերթը: Սկանդալային լուսանկարը, որը հասարակական լայն արձագանք է առաջացրել, արվել է մի քանի օր առաջ Կառավարական տանն ընդհանուր լուսանկարման ժամանակ: Աչքերը փակելով պայծառ արեւից՝ Վոնգսուվանը մերկացրել է աջ թեւի դաստակը՝ լուսանկարիչներին ցուցադրելով Richard Mille թանկարժեք մակնիշի՝ իր ձեռքի ժամացույցը: Նկարը վայրկենապես տարածվել է սոցիալական ցանցերում եւ հայտնվել Թաիլանդի՝ գործնականում բոլոր հասարակական-քաղաքական հրատարակություններում:
Ինչպես գրել է Bangkok Post-ը, փոխվարչապետի ժամացույցի արժեքը կարող է կազմել մինչեւ 370 հազար դոլար: Բացի դանից, նրա ձեռքին նաեւ նկատել են մատանի՝ խոշոր ադամանդով: Փորձագիտական գնահատումների համաձայն՝ զարդի արժեքը կազմում է շուրջ 120 հազար դոլար:
Ինչպես հայտնել են թագավորության Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովում, պերճանքի այդ իրերը չեն հայտարարագրվել փոխվարչապետի կողմից, ինչը պահանջում է տեղական օրենսդրությունը: Գեներալ Փրավիթ Վոնգսուվանը ոչ միայն զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, այլեւ գլխավորում է թագավորության պաշտպանության նախարարությունը: Դիտորդները նրան համարում են կառավարության երկրորդ մարդը վարչապետ Փրայութ Չան Օչայից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: