«Մեծ Բրիտանիան անվերապահորեն լքում է Եվրամիությունը». Մեյ
Մեծ Բրիտանիան անվերապահորեն լքում է Եվրամիությունը, բայց ԵՄ-ի հետ խորը գործընկերության եւ առանձնահատուկ հարաբերությունների է տրամադրված ապագայում:
Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ամփոփելով Brexit-ին վերաբերող բանակցությունների առաջին փուլի շուրջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«2016 թվականին Բրիտանիայի քաղաքացիները հայտարարեցին ԵՄ-ից դուրս գալու մասին: Մեծ Բրիտանիան անվերապահորեն լքում է հանրակցությունը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքը կասկածներ չի ունեցել արդյոք, որ Brexit-ի գաղափարը ճիշտ չէր: «Մեծ Բրիտանիան այժմ միտված է խորը գործընկերություն եւ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելու Եվրամիության հետ: Դրան է վերաբերում բանակցությունների երկրորդ փուլը, որը մեկնարկելու է հունվարին»,- ասել է նա:
Մեյի խոսքով՝ բանակցություններն անցնում են երկրորդ փուլ, որը նվիրված է անվտանգությանն ու առեւտրին: «Ես ողջունում եմ բանակցությունների անցումը երկրորդ փուլ, որը ներառում է ապագա հարաբերությունները, առեւտրի եւ անվտանգության հարցերը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: