
Բունդեսթագի պատգամավորները պահանջել են ազատել Թուրքիայում 13 ամիս կալանքի տակ պահվող Դեմիրթաշին

Գերմանացի քաղաքական գործիչներ՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմաս Օփերմանը, Ձախերի կուսակցության պատգամավոր Սահրա Վագենկնեհթը և Կանաչների կուսակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ազատ արձակել Թուրքիայում արդեն 13 ամիս կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Պատգամավորներն ընդգծել են, որ Դեմիրթաշին անազատության մեջ պահելով թուրքական կողմը խոչընդոտում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի գործունեությունը: «Քաղաքական շարժառիթ ունեցող այդ դատական գործը չի կարող դիտարկվել որպես քաղաքականության օրինական գործիք»,- նշել են նրանք:
Դեմիրթաշի դեմ դատական լսումները սկսվել են դեկտեմբերի 7-ին: Առաջին դատական նիստի ժամանակ որոշում է կայացվել ուժի մեջ թողնել քրդամետ կուսակցության առաջնորդին կալանքի տակ պահելու մասին որոշումը: Բացի այդ վճռվել է, որ Դեմիրթաշը պետք է ներկա լինի առաջիկա նիստին, որը կգումարվի 2018 թվականի փետրվարի 14-ին:
Քաղաքական գործիչը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում հիմնելու, ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն անելու, հանցանքն ու հանցագործին գովաբանելու» մեջ: Պահանջվում է Դեմիրթաշին դատապարտել մինչև 142 տարվա ազատազրկման: