
Թուրքիայում 11 ամսում արդյունաբերական վթարներից զոհվել է 1851 աշխատավոր

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների ուսումնասիրության և մեդիա վերլուծությունների «PRNet» գործակալությունը ուսումնասիրել է Թուրքիայում արդյունաբերական վթարների և մահվան ելքով պատահարների վիճակագրությունը:
Թուրքալեզու «ABHaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2017թ. 11 ամիսների ընթացքում արդյունաբերական պատահարների հետևանքով Թուրքիայում զոհվել է առնվազն 1.851 մարդ: Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է առաջին, իսկ ողջ աշխարհում՝ երրորդ հորիզոնականը:
Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի տվյալները վկայում են, որ 2017թ. նոյեմբերին արդյունաբերական վթարներով պայմանավորված ամենաշատ մահերը գրանցվել են Ստամբուլի նահանգում (23 դեպք): Երկրորդ տեղում Բուրսան է (մահվան ելքով 11 պատահար), երրորդում՝ Քոնյան (9), ապա՝ Անթալիան (8), Գազիանթեպը (7), Իզմիրը (6):
«PRNet»-ի և «Ajans.Press»-ի համատեղ վերլուծության համաձայն՝ 2017թ. 11 ամիսների ընթացքում արդյունաբերական վթարների մասին թուրքական մամուլում 8.962 լուր է հրապարակվել, իսկ աշխատանքի անվտանգության և աշխատավորների առողջապահության թեմաներին անդրադարձ է կատարվել 23.171 անգամ:
Արձանագրվել է, որ ամեն տարի արդյունաբերական վթարների պատճառով ողջ աշխարհում զոհվում է 2.3 մլն աշխատավոր, տեղի են ունենում շուրջ 300 մլն արդյունաբերական վթարներ: Նման պատահարների զոհերի թվում որպես կանոն գերակշռում են տղամարդիկ:
Հայտնի է դարձել նաև, որ նոյեմբերին ամենից շատ մահվան ելքով արդյունաբերական վթարներ են տեղի ունեցել գյուղատնտեսության և անտառտնտեսության ոլորտում: Ըստ այս չափանիշի՝ երկրորդ տեղում շինարարության, երրորդում՝ բեռնափոխադրումների ոլորտն է: