Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցություններում
Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում եւ պատրաստ են անցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման երկրորդ փուլին:
Այդ մասին դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները: «Բանակցորդների թիմերը ծանր պրոֆեսիոնալ աշխատանք են կատարել վերջին շաբաթներին ու ամիսներին… Բանակցությունների արդյունքը դարձավ փոխզիջումը: Դրանք բարդ բանակցություններ էին ինչպես Եվրամիության, այնպես էլ Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է նա:
«Մենք վերջին շաբաթվա ընթացքում էական առաջընթացի հասանք բանակցություններում»,- ընդգծել է նա: Լոնդոնը եւ Եվրամիությունը Brexit-ի հիմնական պայմանները, ներառյալ սահմանների հարցը (հատկապես Իռլանդիայում), եվրոպական գործընկերներին Մեծ Բրիտանիայի ֆինանսական վճարումները եւ Brexit-ից հետո ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Մեծ Բրիտանիայում, պետք է համաձայնեցներին նախքան ԵՄ-ի՝ դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովը:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են Brexit-ի համար ԵՄ-ին 60 մլրդ եվրո վճարելու Լոնդոնի հանձնառության մասին: Եվրահանձնաժողովի հաշվարկներով՝ Մեծ Բրիտանիան այդ միջոցները պետք է վճարի մինչեւ 2020 թվականը, քանի որ, գտնվելով ԵՄ-ի կազմում, նա պարտավորվել է մասնակցել 2014-2020 թվականների համար նախատեսված եվրոպական ծրագրերի ֆինանսավորմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: