
«Ես կատարեցի նախընտրական խոստումս». Թրամփը Երուսաղեմին վերաբերող որոշման մասին

Դոնալդ Թրամփն իրեն համեմատել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր նախորդների հետ, նշելով, որ, ի տարբերություն նրանց, ինքը կատարեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր նախընտրական խոստումը։
«Ես կատարեցի նախընտրական խոստումս, մյուսները՝ ոչ»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: Գրության տակ զետեղված է Թրամփի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ Կրտսերի եւ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներին վերաբերող տեսահոլովակ:
Տեսանյությում նաեւ ներկայացված է ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ դեկտեմբերի 6-ին Թրամփի արած հայտարարությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:
ԱՄՆ-ի ղեկավարի որոշումը դրական արձագանք է գտել Իսրայելի կողմից, միեւնույն ժամանակ աշխարհի բազմաթիվ պետություններ, նախեւառաջ Մերձավոր Արեւելքի երկրները եւ Պաղեստինը, քննադատել ու դատապարտել են այդ նախաձեռնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: