
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն պաշտոնաթող է եղել

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն պաշտոնաթող է եղել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Սպասվում է, որ այդ պաշտոնում Շիդլոյին կփոխարնի երկրի փոխվարչապետ Մատեուշ Մորավեցկին, նշում է AP-ն՝ վկայակոչելով «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցության ներկայացուցիչներին:
Շիդլոն իր պաշտոնը թողնելու որոշման մասին հայտնել է կուսակցության կենտրոնակայանում կայացած նիստի ժամանակ: AP-ն նշում է, որ Շիդլոյի կուսակիցների մի մասը հանդես էր գալիս նրա պաշտոնաթողության օգտին, քանի որ համարում էր, որ դա կօգնի նոր ազդակ հաղորդել Լեհաստանի տնտեսության զարգացմանը:
Շիդլոն Լեհաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2015 թվականից: Այն բանից հետո, երբ «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը մեծամասնություն ստացավ խորհրդարանում, նա առաջադրվեց այդ պաշտոնում եւ կառավարություն կազմեց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: