
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Հռոմի պապի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Պուտինի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ Թրամփի որոշումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա:
Թուրքիայի նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս պապին շնորհակալություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակն անփոփոխ թողնելու մասին հայտարարության համար: Նա ևս մեկ անգամ ընդգծել է քաղաքի կարգավիճակի փոփոխությանն ուղղված ցանկացած նախաձեռնությունից հեռու մնալու անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:
Այս հայտարարությանը պաշտոնական Անկարան խիստ արձագանք է տվել: Թուրքիայի ԱԳՆ-ից որոշումն «անպատասխանատու» են որակել: