
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում:
Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը: «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը… մասնակցել է ԵԱՀԿ-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջաններին եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին առաջին անգամ է տրամադրվել ԵԱՀԿ-ի ամբիոնը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Խաչատուրովը գնահատական է տվել անվտանգության եւ կայունության գլոբալ սպառնալիքներին Եվրոպայում, պատվիրակությունների ղեկավարներին տեղեկացրել է աշխարհամասում արդի մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի բազմապլանային գործունեության մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է գործընկեր միջազգային կազմակեպությունների, նախեւառաջ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցությունն ուժեղացնելու ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը: