
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարին

ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը շնորհավորեց գործընկերոջը Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարարները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակաբար խորացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակությաին փոխանակումների խթանման ուղիները։ Կողմերը կարևորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, իրավապայմանագրային դաշտի ընդլանումը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացումը:
ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: