
Պաղեստինը հրաժարվեց ընդունել ԱՄՆ-ի փոխնախագահին

Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվում է հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ ի նշան Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բողոքի:
Այդ մասին հայտնել է տեղական «Մաան» գործակալությունը՝ հղում անելով ՖԱԹՀ կառավարող շարժման բարձրաստիճան գործիչ Ջեբրիլ Ռաջուբի հայտարարությանը: Փենսը դեկտեմբերին պատրաստվում է ժամանել Իսրայել, ինչը սովորաբար համատեղվում է Պաղեստինի տարածքներ կարճատեւ այցով:
«Մենք ԱՄՆ-ի փոխնախագահին չենք ընդունի Պաղեստինի տարածքներ ի պատասխան օկուպացված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն»,- ասել է Ռաջուբը, որը մտնում է ՖԱԹՀ-ի Կենտրոնական կոմիտեի կազմի մեջ: Պաղեստինցիները բողոքում են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: