«Նորք» հոգեբուժական կենտրոնը փակվեց, այժմ էլ շենքն է վաճառվում. գնորդը հայտնի է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերին Երեւանի «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո այժմ էլ կառավարոթյունը պատրաստվում է կարճ ժամանակվա ընթացքում վաճառել ազատված տարածքը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Հայտնի է նաեւ գնորդը:
Նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել սեփականության իրավունքով «Նորք հոգեբուժական կենտրոն»-ին պատկանող շուրջ 6 900 քառ. մետր մակերեսով շենք շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ շուրջ 2 800 հեկտար մակերեսով: Նպատակն է կառուցել բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն:
Կառավարությունն ընդառաջ է գնում այդ առաջարկին եւ թույլատրում գույքի օտարումը:
Գույքի գնահատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երեւան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2 770 հեկտար է: Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է:
Առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո գնորդից ակնկալվում են ներդրումներ: Նախագծում նշվում է, որ պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում «Հին Նորք» բիզնես կենտրոն ընկերությունը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով պետք է իրականացնի 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում եւ ստեղծի 1 000 աշխատատեղ:
Կառավարության որոշման նախագծում նաեւ որոշակի տեղեկատվություն կա «Նորք» հոգեբուժական կենտոնի տարածքը ձեռք բերող ընկերությունների գործունեության ոլորտի մասին:
«Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն եւ վերջինիս հետ հիմնադիրների մասով փոխկապակցված ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ ընկերությունների կողմից ստեղծված համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս:
Նպատակ ունենալով խթանել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ ստեղծել այդ ոլորտում լրացուցիչ աշխատատեղեր՝ «Հին Նորք» ՓԲԸ-ն նախատեսում է ք. Երեւան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու դեպքում վերակառուցել այն ժամանակակից բիզնես կենտրոնի, որը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով: Բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երեւանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն»,- կարդում ենք նախագծում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: