«Բաբկեն Արարքցյանը հարցնում է՝ ո՞վ է գրել էդ օրենքը, ասում են՝ դու ԱԺ նախագահ եղած ժամանակ սրա տակ ստորագրել ես, ասում է՝ էդ ի՞նչ հիմարություն է». Սերգեյ Բագրատյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սահմանել գույքերի այն հերթականությունը, ըստ որի՝ հարկադիր կատարողը կարող է՝ որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել անձի գույքի վրա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ՀՀԿ-ականների մոտ տպավորություն կա, որ իրենք ինքնանպատակ հարցեր են հնչեցնում, բայց կյանքի փորձը ցույց է տալիս, որ այդ անտարբերությունը հաճախ բերում է, այդ խնդիրը մեր առաջ է կանգնեցնում:
Նա պատմեց, որ իր գրասենյակում աշխատելիս հրշեջները 30 հազար ակտ են գրում, բայց գրասենյակն իրենից ներկայացնում է պարզ բնակարան:
«Երբ ասում եմ՝ էս օրենքն ո՞վ է ընդունել, ասում են՝ օրենքն ընդունողին էլ ենք ակտը գրել: Պարզվում է՝ Խանջյան փողոցի վրա Բաբկեն Արարքցյանի տան վրա նման ակտ են գրել, որ հրդեհաշիջման աշխատանքների համար համապատասխան սարքավորում չկա իր տան մեջ: Հետո, երբ Բաբկեն Արարքցյանը հարցնում է՝ ո՞վ է գրել էդ օրենքը, ասում են՝ դու ԱԺ նախագահ եղած ժամանակ սրա տակ ստորագրել ես, ասում է՝ էդ ի՞նչ հիմարություն է: Հիմա որպեսզի դա հետագայում մեր համար հիմարություն չլինի, աշխատանքն ուղղված է բոլորիս, չենք ուզում, որ վաղը մեր անտարբերության արդյունքում լիքը խնդիրներ ունենանք»,- նշեց պատգամավորը: