
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի 7-ին Փենյանում հանդիպել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Լի Յոն Հոի հետ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Հանդիպման մանրամասներն առայժմ չեն ներկայացվում: Դեկտեմբերի 6-ին Ֆելթմանը հանդիպում է անցկացրել նաեւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Պակ Մյոն Գուկի հետ: Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընթացքում պլանավորում է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները:
Նախօրյակին հայտնի է դարձել, որ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը: Սպասվում է, որ նա եռօրյա պետական այցի ընթացքում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում կարծարծի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի թեման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: