Ի՞նչ է նշանակում մարիխուանայի ապաքրեականացումը Վրաստանում
Նոյեմբերի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է մարիխուանա կիրառելու ապաքրեականացմանը վերաբերող բողոքի հայցը: Դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվության ենթարելու պրակտիկան: Այս մասին գրում է aliq.ge-ն:
Հիշեցնենք` հայտը դատարան էր ներկայացրել քաղաքացի Գիվի Շանիձեն՝ «Գիրչի» կուսակության օգնությամբ: Ըստ փաստաբանների, քանի որ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու վերաբերյալ կոնկրետ օր չի նշել, այն գործում է որոշումը հրապարակելու պահից:
Մարիխուանայի ապաքրեականացումը, սակայն, չի նշանակում, որ այն օրինական է: Մարիխուանա օգտագործելու համար այսուհետ Վրաստանի քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Սահմանադրական դատարանի որոշումը չի վերաբերում մարիխուանա գնելուն եւ պահպանելուն: Այս տեսանկյունից շարունակում են գործել մինչ այս առկա օրենքները: Մասնավորապես, մինչև 70 գրամ չորացրած վիճակում և մինչև 100 գրամ կանաչ մարիխունա անձնական օգտագործելու համար ձեռք բերման և պահպանման համար քաղաքացիները չեն բանտարկվի` Սահմանադրական դատարանի 2015 և 2017 թվականների որոշումների համաձայն:
«Գիրչի» կուսակությունը մարիխուանայի օրինականացման համար պայքարում է հիմնադրման օրվանից: Կուսակցությունը, նախորդ տարի դեկտեմբերի 31-ի գիշերը, բողոքի յուրօրինակ ակցիա իրականացրեց` հրապարակավ մարիխուանա ցանելով իր գրասենյակում: Ակցիային մասնակցեցին մի քանի հարյուր մարդ, չնայած Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այն առգրավեց որոշ ժամանակ անց, իսկ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն 500 լարիով տուգանվեց:
Ալիքի հետ զրույցում Զուրաբ Ջափարիձեն ասաց, որ այս որոշմամբ Սահմանադրական դատարանը միայն հաստատել է այն, որ մարիխուանա օգտագործելու համար քաղաքացուն չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության:
«Եթե մարդը իրավունք ունի հանգստանալու համար նաև մարիխուանա օգտագործել, ապա նա պետք է նաև օրինական ճանապարհ ունենա մարիխուանա ձեռք բերելու համար: Չենք պատրաստվում դադարեցնել մեր պայքարը, մեր նպատակն է հասնել դրա օրինականացմանը»,- նշեց Ջափարիձեն:
«Գիրչի»-ն պատրաստվում է Սահմանադրական դատարանում նաև բողոքարկել մարիխուանա օգտագործելու համար քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու նորմը:
«Միեւնույն փաստարկներով շատ արագ կհաղթենք նաև այս գործը: Այսինքն շուտով, մարդկանց չեն տուգանի մարիխուանա օգտագործելու համար, ինչը քաղաքացու ազատության սահմանափակման հետ է կապված: Քաղաքացու բոլոր իրավունքները բխում են նրանից, որ մարմինը՝ դա մարդու սեփականությունն է և պատկանում է բացառապես իրեն: Սա նշանակում է, որ մարդը կարող է իր հետ անել այն ինչ ցանկանում է»,- հայտարարել է Ջափարիձեն:
Վերջինս նաև պնդում է, որ մարիխուանայի օրինականացումը դրականորեն կազդի առողջապահական ոլորտի վրա: Ըստ Ջափարիձեի, Վրաստանում որոշ թմրանյութեր՝ ինչպիսիք են օրինակ նիկոտինը, ալկոհոլը կամ կոֆեինը՝ օրինական են, մինչդեռ` ըստ նրա, դրանց օգտագործումը ավելի վնասակար է քան մարիխուանան:
«Կարևոր է նաև տնտեսական գործոնը, քանի որ մեր տարածաշրջանում ամենուր սահմանափակումներ են, օրինականացման դեպքում, տնտեսական դրական ազդեցություն կլինի Վրաստանի համար: Օրինակ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հարկային ծառայության տվյալների հիման վրա հաշվարկներ ենք արել: Այնտեղ մարիխուանան օրինականացրել են տարիներ առաջ: Այսպիսով, Վրաստանի համար օրինականացումը կնշանակի նոր աշխատատեղեր, եկամուտի եւ զբոսաշրջության ցուցանիշների աճ: Այսպիսով մարիխուանայի օրինականացումը կբարելավի ինչպես առողջապահական ոլորտը, այնպես էլ կապահովի տնտեսական աճ»,- մեզ հետ զրույցում ասաց Ջափարիձեն