
ԱՄՆ-ում անօթևանների թիվն այս տարի առաջին անգամ աճել է Մեծ ռեցեսիայից հետո

ԱՄՆ-ում անօթեւանների թիվն ընթացիկ տարում առաջին անգամ ավելացել է Մեծ ռեցեսիայից (2007-2012 թթ.) հետո. հիմնական պատճառը դարձել է բնակարանային ճգնաժամը երկրի խաղաղօվկիանոսյան ափին:
Այդ մասին ասված է ԱՄՆ-ի բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարարության հետազոտության մեջ: 2017 թվականին առանց տանիքի են մնացել օրական միջին հաշվով 553,74 հազար մարդ՝ 0,7 տոկոսով ավելի, քան 2016 թվականին: Նրանց ավելի քան երրորդ մասն աֆրոամերիկացիներ են:
Չնայած ամերիկյան տնտեսության վերականգնմանը, զբաղվածության կայուն աճին եւ ֆոնդային շուկաների ռեկորդներին, բնակչության ամենաաղքատ խավերն առաջվա պես չեն կարողանում բավարարել հիմնական պահանջները, նշվում է գերատեսչության հետազոտության մեջ:
Լոս Անջելեսում ու նրա արվարձաններում անօթեւանների թիվն աճել է մինչեւ ռեկորդային 55 հազար: Նյու Յորքում աճը կազմել է 4,1 տոկոս, ակտիվ բարձրացում է դիտվել արեւմտյան նահանգների տարբեր քաղաքներում՝ Սիեթլում, Փորթլենդում, Սան-Դիեգոյում, Սաքրամենթոյում, Օքլենդում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: