
«Էն, որ աղջիկները դոշները բացում են, իրենց ճղում են, չգիտեմ՝ ինչ են անում…». Հայկ Բաբուխանյան

«Որ ասում եք՝ քաղաքացիական հասարակություն, յուրաքանչյուրն իր համար պատկերացնում է՝ ինչ է դա, որևէ սահմանում չկա, բայց, օրինակ՝ ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունը, էն, որ աղջիկները դոշները բացում են, իրենց ճղում են, չգիտեմ՝ ինչ են անում, դա էլ է քաղաքացիական հասարակություն՝ ոմանց կարծիքով, եթե դրանց էլ պիտի խառնենք մեր ընտանիքի գործերին, ես դա չեմ ընդունում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագիծը:
Ի պատասխան՝ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասաց, որ քաղաքացիական հասարակությունը հասարակական կազմակերպություններն են, դրանք բազմազան են, նաև այնպիսին, որոնք սուր անհամաձայնություն էին հայտնում օրենքի տարբեր կետերին:
Հ. Բաբուխանյանի հայտարարությունը զայրացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին. «Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք թույլ տալիս ձեզ այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ: Սա է ձեր վերաբերմունքը կանանց և նրանց նկատմամբ բռնությանը: Խնդրում եմ ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»: