
Էդուարդ Շարմազանովն առաջարկում է, որ եկեղեցին նույնպես դերակատարում ունենա ընտանեկան բռնության կանխարգելման հարցում

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման դեպքում կարող է կիրառվել նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշում:
«Նախազգուշացումը կիրառվում է, երբ ընտանիքում բռնության դեպքը հայտնաբերվել է առաջին անգամ, հանցակազմի առկայության հատկանիշներ չկան: Այն դեպքերում, երբ առկա են բռնության դրսևորումներ և բռնության շարունակման հնարավորություն, որը կարող է սպառնալ այդ ընտանիքում բռնության զոհերի կյանքին և առողջությանը, Ոստիկանության ներկայացուցիչը կարող է որոշում կայացնել անհետաձգելի որոշման վերաբերյալ, սա միայն ծայրահեղ դեպքերում է կիրառվելու: Երրորդ միջոցը պաշտպանական որոշումն է, որը կարող է կիրառվել միայն դատարանի կողմից համապատասխան տուժած անձի որոշումով»,- նշեց Վ. Քոչարյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ կառավարությունն ամրագրի, որ ապաստարանների վերահսկողությունը տրվի նաև Հայ Առաքելական եկեղեցուն:
Ի պատասխան՝ Վ. Քոչարյանն ասաց. «Այս ոլորտում քաղաքականության մշակմանն աջակցություն կարող է ցուցաբերել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը գործում է լիազոր մարմնին կից, ու այնտեղ նաև նախատեսված է հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցություն, որոնց թվում՝ առաջին տեղում պետք է լինեն նաև մեր եկեղեցու ներկայացուցիչները»: