Բաժիններ՝

«Կառավարությունն այստեղ զուտ կատարել է բարի կամքի դրսևորում». Վարդան Արամյանը՝ ջրի սակագնի սուբսիդավորման մասին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ կառավարությունը 1 միլիարդ 289 միլիոն դրամով սուբսիդավորել է խմելու ջրի սակագնի պահպանման համար:

«Եթե 11 դրամով բարձրացրել է, դուք սուբսիդավորել եք 1 միլիարդ 289 միլիոն դրամով, եթե 22 դրամով սակագինը բարձրացներ, 2.5 միլիարդից ավելի պետք է տայիք: Կարծեմ, մասնավոր կառավարիչ ունեք՝ խմելու ջրի հետ կապված, այս մարդն ինչքան ուզի, սակագինը կբարձրացնի, մենք էլ կասենք՝ հարկատուների փողն առ, մենք սուբսիդավորում ենք, եթե կուզես, արի մյուս տարի մի 5 միլիարդով էլ սուբսիդավորենք:

Այսինքն՝ ինչքանո՞վ է լուրջ  դա, դուք մասնավոր ընկերության հետ պայմանագիր եք կնքել, կառավարությունը պատասխանատու է այդ պայմանագրի ամեն կետի համար, բա չե՞ք ասում՝ այս մարդուն նենց իրավունք ենք տվել, որ կարող է՝ ինչքան ուզի, բարձրացնի այդ գները: Ի՞նչ տարբերություն, հարկատուի փողերը հավաքել, տվել եք նրա՞ն, թե՞ ջրի գինը բարձրանար, հենց հարկատուն ինքը վճարեր: էդ ի՞նչ փակ շղթա եք սարքել, ուզում եմ բացատրեք»,- դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ հարցրեց Ս. Բագրատյանը:

Ի պատասխան՝ Վ. Արամյանն ասաց, որ կառավարությունն այստեղ զուտ կատարել է բարի կամքի դրսևորում, որպեսզի այդ սակագնի բարձրացումն ազգաբնակչությունն իր վրա չզգա.

«Ինչ վերաբերում է ձեր հարցապնդմանը, որ մասնավորը կարող է անվերջ բարձրացնել, այդպես չէ, որովհետև ես ինքս մասնակցել եմ այն քննարկումներին, որ եղել է վարձակալական պայմանագրի շրջանակներում, և ես ձեզ վստահեցնում եմ՝ վարձակալական պայմանագրում կան այնպիսի կոշտ դրույթներ, որը խիստ սահմանափակում և շատ խիստ խաղի կանոններ է սահմանում վարձակալի համար, թե որ դեպքում է, որ նա կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որ նա սակագինը բարձրացնի:

Ընդ որում, ՀԾԿՀ-ին այդ խաղի կանոնները հստակ վերահսկողն ու հսկողն է, և, եթե այնտեղ լինում է խաղի կանոնների շեղում, բնականաբար, սակագնի բարձրացումը չի հաստատվի: Ես վստահում եմ ՀԾԿՀ-ի պրոֆեսիոնալիզմին, որովհետև մի կողմից՝ շատ հստակ են խաղի կանոնները, և մյուս  կողմից՝ շատ լավ մասնագետներ կան ու հսկում են այդ խաղի կանոնները: Չեմ կարծում, որ այդ 11 դրամը կարող է դառնալ 22 դրամ, 52 դրամ: Տեսականորեն կարող է, բայց դա պետք է ունենա հիմքեր»:

Ս. Բագրատյանն այսպես արձագանքեց. «Դուք ամեն ինչ ասում եք պարզ, բայց ամենակարևորը չեք ասում: Աստվածաշնչում գրված էր՝ ի սկզբանե էր բանը: Հիմա դուք,  մեկ տարի չկա, որ այդ մրցույթը հայտարարել եք, պայմանավորվել եք մարդու հետ,  ասել եք՝ դու էժան դիր, հետո կբերես, սակագինը կթանկացնես, մենք էլ կսուբսիդավորենք ու տենց կաշխատենք: Եթե ընդամենը մեկ տարի չի անցել, էդ մարդը բարձրացնում է սակագինը, սա ի՞նչ է նշանակում»:

Ի պատասխան՝ նախարարը նախ ասաց, որ իր համար հասկանալի է Ս. Բագրատյանի մտահոգությունը. «Ամեն դեպքում, սա բիզնես է՝ կոշտ խաղի կանոններով, որովհետև կառավարությունն այնտեղ դրել է կոշտ խաղի կանոններ, որ մեր ազգաբնակչությանը մատուցվի որակյալ ծառայություն: Դա պետք է ունենա որոշակի գին, որն օբյեկտիվ է, և մենք պայմանավորվել ենք, որ նա պետք է ունենա որոշակի շահույթի մարժա, հակառակ դեպքում՝ շահագրգռվածություն չէր ունենա, որ այդ համակարգն ինքը կառավարեր: Ճիշտ է, կարող ենք հիմա չբարձրացնել, մի 2-3 տարի հետո բարձրացնել, բայց այդ տարիների ընթացքում նա պետք է վնասներ կուտակի, ու ես փոխահատուցեմ, և շատ ավելի մեծ, կտրուկ բարձրացում լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս