
ԱՄՆ-ի Սենատը հաստատեց ներքին անվտանգության նոր նախարարին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 5-ի նիստում հաստատել է Քրիսթեն Նիլսենի թեկնածությունը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում: Այդ որոշումը պաշտպանել են 62 սենատորներ, այսինքն՝ Նիլսենի օգտին քվեարկել են ոչ միայն հանրապետականները, այլեւ մի քանի դեմոկրատներ: Վերին պալատի 37 անդամներ դեմ են արտահատվել։
Մինչ այդ 45-ամյա Նիլսենն զբաղեցնում էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի առաջին տեղակալի պաշտոնը, որն ավելի վաղ գլխավորում էր ներքին անվտանգության նախարարությունը:
Ներքին անվտանգության նախարարությունն ստեղծվել է 2002 թվականին, այն կառավարության «ամենաերիտասարդ» գեերատեսչություններից մեկն է: Այդ նախարարության պատասխանատվության ոլորտը ներառում է ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունը, միգրանտների նկատմամբ հսկողությունը, հասարակական անվտանգության պահպանումը:
Քրիսթեն Նիլսենը երկրորդ կինն է դարձել ներքին անվտանգության նախարարի պաշտոնում. 2009-ից մինչեւ 2013 թվականն այդ պաշտոնում աշխատել է Ջանեթ Նապոլիտանոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: