Գուցե դեռ կան այլ ավելի ուժեղ կրակոցներ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերը գրում է. «Հայկազ Բաղմանյանի ազատման մասին լուրերը անցյալ շաբաթվանից էին շրջանառվում, սակայն պաշտոնապես չէին հաստատվում: Ոչ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ոչ առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը այդպես էլ լրագրողների հարցերին հստակ պատասխան չտվեցին՝ չհերքելով, բայց եւ չհաստատելով Բաղմանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը:
Պարզում է, այդ հանդիսավոր պահը Վիգեն Սարգսյանը իր համար էր պահպանում:
Երեկ Մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումից հետո Սարգսյանը չարհամարհեց լրագրողերին եւ սիրահոժար պատասխանեց հարցերին:
Եվ ահա այստեղ Պաշտպանության նախարարը սենսացիոն հայտարարություն արեց:
Նա ասաց, որ Բաղմանյանն իր հորդորով աշխատանքից ազատվելու զեկուցագիր է գրել, հարցին էլ, թե որն է այդ հորդորի պատճառը, պատասխանեց. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»:
Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի, մեղմ ասած, ամենավարկաբեկված կադրերից է, նրա անունը մշտապես շոշափվել է ինչ-որ սկանդալների, չարաշահումների համատեքստում: Բաղմանյանին աշխատանքից ազատելու պատճառներ վերջին տարիներին թերեւս շատ են եղել, բայց որեւէ մեկը մոտ էլ չի գնացել այդ թեմային:
Եվ հիմա Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ Բաղմանյանը լավ չի աշխատել, իր հանձնարարությունները չի կատարել, ինչի արդյունքում իրենց համատեղ ծառայությունն անհնար է դարձել:
Վերլուծաբանները երեկ արդեն այս իրադարձությունը գնահատում էին որպես Վիգեն Սարգսյանի դիրքերն ուժեղացնող կարեւոր հանգամանք: Նույնիսկ շատ հեռու էին գնում վերլուծություններում՝ նշելով, որ այս քայլով նախարարը դառնում է 2018-ից հետո ռեալ վարչապետացու:
Վիգեն Սարգսյանը, սակայն, նոր չէ, որ վարչապետի հնարավոր թեկնածուների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում:
Երեւի արդեն մի քանի տարի նրա անունը չի իջնում այս ցանկից:
Վիգեն Սարգսյանը վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար կոմբինացիայի մասին էլ գրվել է դեռ ամիսներ առաջ: Երկրի առաջին դեմք դառնալու համար, սակայն, պետական կառավարման ոլորտում կուտակած փորձն ու առավել եւս առաջին դեմքերի օգնականը լինելը բավարար չէին կարող լինել:
Անհրաժեշտ է լուրջ մկրտություն, որը Հայաստանի պարագայում առաջին հերթին հնարավոր էր ստանալ Պաշտպանության նախարարությունը ղեկավարելով:
Վիգեն Սարգսյանի՝ այս ընթացքում արած քայլերը՝ սկսած 1000 դրամների նախագծից մինչեւ ազգ-բանակ գաղափարի ներդրում եւ տարկետման իրավունքի սահմանափակում, կարող են հենց այդպիսի իմաստ ստանալ. մեր հասարակության եւ միջազգային հանրության աչքում նրան ազդեցիկ ֆիգուրի կերպար հաղորդելու համար:
Հայկազ Բաղմանյանին, թերեւս, կհաջորդի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը:
Ի դեպ, երեկ լրագրողները հնչեցնում են նաեւ Հակոբյանի անունը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին հարցում, սակայն Վիգեն Սարգսյանը չլսելու էր տալիս այն: Անհրաժեշտ էֆեկտին հասնելու համար պետք է, որ ժամանակ անցնի, հանրությունը մարսի Բաղմանյանին հեռացնելու մասին լուրը, մտմտա՝ իսկ կարող է իսկապես Վիգեն Սարգսյանը ուժեղ տղա է, փորձի նրան պատկերացնել ղեկավարի դերում:
Հունվարից հետո կհնչի հաջորդ կրակոցը՝ կհայտարարվի Մովսես Հակոբյանի ազատման մասին, ու գուցե դեռ կան այլ ավելի ուժեղ կրակոցներ:
Սերժ Սարգսյանի տեսանկյունից թերեւս Վիգեն Սարգսյանը վարչապետի, ինքը՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում ամենալավ տարբերակն է:
Միակ հանգամանքը, որ կարող է տապալել այս ամբողջ մտահղացումը, Վիգեն Սարգսյանի իրական կերպարն է, որը վերը նկարագրված բոլոր թիրախային կրակոցների արդյունքում անգամ ոչ մի կերպ չի ընկալվում որպես մարդ, որն իր ձեռքում է պահում կրակող զենքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: