
ՀՀ գլխավոր դատախազության և Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի դատական վեճը ձախողման եզրին է: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված, սակայն կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին:
Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել՝ փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:
Թերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են:
Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, իսկ ահա երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ:
Ի վերջո, մայիս ամսից մինչ օրս նշանակված է եղել 4 դատական նիստ, որից երեքը չի կայացել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: