
Իսպանիայի իշխանությունները 6 տոննա կոկաին են առգրավել բանանի բեռնարկղերից

Իսպանիայի իշխանությունները գրեթե 6 տոննա կոկաին են առգրավել Ալխեսիրաս քաղաքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Զոյիդոն:
«Իսպանիայի քաղաքացիական գվարդիան 5,9 տոննա կոկաին է հսկողության տակ վերցրել Ալխեսիրասում: Թմրանյութի շուկայական արժեքը կազմում է 210 մլն եվրո (250 մլն դոլար)»,-նշել է Զոյիդոն:
ՆԳ նախարարության տվյալներով՝ կոկաինը գտնվում էր Կոլումբիայից բերված բանանի բեռնարկղերում:
Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, առգրավված կոկաինն այդ թմրանյութի երկրորդ խոշորագույն խմբաքանակն է դարձել 1999 թվականից հետո, երբ իշխանությունները 6 տոննա կոկաինով բեռ էին կալանել: Ձերբակալված է երեք մարդ, այդ թվում՝ բեռը փոխադրած ներմուծող ընկերության ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: