«Կարագի ներմուծման գինը վերջին 1 տարվա ընթացքում թանկացել է 40 տոկոսով, իսկ կարագի վաճառքի գինը՝ 90 տոկոսով. գործ ունենք գերշահույթների հետ». Գևորգ Գորգիսյան
«Վերջին մի քանի ամիսներին մենք տեսանք, որ տարբեր ապրանքների շատ լուրջ գնաճ է տեղի ունենում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա նշեց, որ ինքը կարագի գնի հետ կապված հարցում է ուղարկել կառավարությանը. «Պարզվում է՝ կարագի ներմուծման գինը վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել է 40 տոկոսով, իսկ կարագի վաճառքի գինը՝ 90 տոկոսով: Ակնհայտ գործ ունենք գերշահույթների հետ և քարոզարշավի ժամանակ բաժանված գումարների հետ բերելու մեխանիզմների հետ:
Բացի սրանից՝ 2018-ից ԵԱՏՄ-ի մեր պարտավորությունների շրջանակներում մի շարք առաջին օգտագործման ապրանքներ կրկին թանկանալու են: 2018 թվականից ուժի մեջ է մտնելու նոր Հարկային օրենսգիրքը, որով հարկային բեռն ավելանալու է, նաև սկսելու է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որը նորից հարկային բեռ է քաղաքացիների համար: Քաղաքացիները 40 տոկոսին հասնող հարկային բեռ են կրելու իրենց ուսերին: Այս ամենի հետ՝ պետական ոչ մի աշխատողի աշխատավարձ չի բարձրանալու, ոչ մի թոշակ, նպաստ չի բարձրանալու, և մեր կառավարությունը հաստատուն քայլերով տանելու է երկիրը դեպի ճգնաժամ»: