Ավտոմատացման պատճառով 375 մլն մարդ հարկադրաբար փոխելու է աշխատանքը. փորձագետներ
Տնտեսության զգալի թվով ճյուղերի ավտոմատացումը կլինի առաջիկա տասնամյակների կարեւորագույն միտումներից մեկը, որի պատճառով 75-ից մինչեւ 375 միլիոն մարդ (համաշխարհային աշխատուժի 3-14 տոկոսը) հարկադրված կլինի փոխել գործունեության ոլորտը:
Այդ մասին ասված է McKinsey & Co խորհրդատվական ֆիրմայի զեկույցում: «Դեռ ավելին, բոլոր աշխատողներին հարկ կլինի ադապտացվել, քանի որ նրանց մասնագիտությունները կզարգանան ավելի ու ավելի ընդունակ մեքենաների հետ մեկտեղ»,-հավելում են McKinsey-ի փորձագետները:
Նրանք ընդգծում են, որ խոսքը վերաբերում է ոչ այնքան տնտեսության համար աշխատատեղերի կորստին, որքան զբաղվածության ընդգրկուն փոփոխություններին: Ինչպես նշված է զեկույցում, առաջիկա տարիներին կարող է ավտոմատացվել բոլոր գործառույթների շուրջ 30 տոկոսն այժմ գոյություն ունեցող մասնագիտությունների 60 տոկոսի համար: Տեխնոլոգիաների չափավոր զարգացման դեպքում 2030 թվականին ԱՄՆ-ի գործունեության բոլոր ոլորտներում կարող է ավտոմատացված լինել միագումար մարդ-ժամերի 23 տոկոսը:
Այս առնչությամբ զբաղվածների մինչեւ 13 տոկոսը հարկադրված կլինի աշխատանք փնտրել այլ ճյուղերում: Իսկ եթե ավտոմատացումն ընթանա արագ տեմպերով, ապա գործունեության ոլորտը ստիպված կլինի փոխել ամերիկացիների արդեն 33 տոկոսը: Չինաստանում ավտոմատացման ներուժը կազմում է մարդ-ժամերի 16 տոկոսը (չափավոր սցենարով), Գերմանիայում՝ 24 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: