Հանրապետության գլխավոր տոնածառը այս տարի ևս նույն ձևով և չափով կլինի
Հանրապետության հրապարակում Ամանորի գլխավոր զարդի` տոնածառի լույսերը պաշտոնապես կվառվեն դեկտեմբերի 19-ին:
Լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասաց, որ գլխավոր տոնածառի ձեւի եւ չափի հետ կապված՝ փոփոխություններ այս տարի եւս չեն սպասվում:
«Տոնածառի ձեւի հետ կապված փոփոխությունը կնշանակի նոր տոնածառ, որը չափազանց թանկ է, եւ չեմ կարծում, որ արդարացված կլինի այդ ծախսը կատարել համայնքային բյուջեից: Մենք փորձ ենք արել այդ հարցը լուծել մասնավորի հետ»,-ասաց նա:
Արամ Սուքիասյանի խոսքով` գլխավոր տոնածառն ամեն տարի զարդարվում է նորովի. հետաքրքիր խաղալիքներով, լուսային տարբեր լուծումներով:
«Մայրաքաղաքի տոնական ձեւավորման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 18-ին: Հաջորդ օրը կմիացվեն գլխավոր տոնածառի, Երեւանի տարբեր վարչական շրջաններում տեղադրված տոնածառների եւ մայրաքաղաքի տոնական լույսերը»,-հավելեց փոխքաղաքապետը:
Անդրադառնալով տոնական օրերին, այսպես կոչված, «հարբած ձմեռ պապիկներին», Արամ Սուքիասյանն ասաց, որ քաղաքապետարանն ամեն տարի ստուգատես է անցկացնում, որի շրջանակում ուշադրություն է դարձվում ձմեռ պապիկների զգեստից մինչեւ կերպարի համահունչ լինելու գործոնին: «Անշուշտ, մենք ուշադիր ենք լինելու, որպեսզի մեր ձմեռ պապիկները, ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ Ազատության հրապարակում լինեն իրենց կերպարին բնորոշ»,-հավելեց նա:
Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն այս տարի մեկնարկել են դեկտեմբերի 1-ին: