Բաժիններ՝

Բազմազավակ ընտանիքներն օրենքով կստանան արտոնություններ, վարկ, աջակցություն

Հայաստանում բազմազավակ ընտանիքներն օրենքով կարգավիճակ կստանան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը նշեց, որ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով սահմանվել է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, ինչպես նաև նախանշվել աջակցության ուղղություններ:

«Օրենքի նախագծով բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Օրենքի ընդունումից հետո կստանա կարգավիճակ և կօգտվի որոշ հնարավորություններից: Դրանք են կրթական, առողջապահական, ընտանեկան բիզնես ներդնելու և բարոյահոգեբանական բնույթի այլ միջոցառումներ»,-ասաց Վանիկ Բաբաջանյանը:

Նախագծով նախատեսվում է բազմազավակ ընտանիքների անդամների համար սահմանել անվճար և արտոնյալ առողջապահական ծառայություն ստանալու հնարավորություն: Հաջորդը կրթական աջակցությունն է: Այն ներառում է կրթական բոլոր աստիճանները` նախադպրոցականից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն:

Նախադպրոցական մակարդակում առաջարկվել է, որ բազմազավակ ընտանիքի երեխան ընդունվի արտահերթ, վարձավճարն էլ փոխհատուցվի 50 տոկոսի չափով: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում էլ երեխաները կստանան ուսման վարձի փոխհատուցում 50 տոկոսի չափով: Հաշվի է առնվելու ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցումը:

Բնակարանային պայմանների հետ կապված՝ Վանիկ Բաբաջանյանը նշեց, որ բարելավումը կիրականացվի երկու ուղղությամբ, նախ պետական ծրագրերի միջոցով, երկրորդը` կտրամադրվեն արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկեր: Բազմազավակ ընտանիքների համար աջակցություն է նախատեսված նաև ինքնազբաղվածություն ապահովելու համար: Կտրամադրվեն արտոնյալ պայմաններով վարկեր, աջակցություն ընտանեկան բիզնեսի ներդրման, գյուղատնտեսական ծրագրերի համար: Նախատեսված է նաև տալ հնարավորություն խիստ արտոնյալ պայմաններով ձեռք բերել կենցաղային տեխնիկա:

Հայաստանում ներկայում 4 և ավելի երեխա ունեցող 7 հազար 400 բազմազավակ ընտանիք է բնակվում: Նրանցից 6 հազար 400-ը նպաստ է ստանում:

Վանիկ Բաբաջանյանը նշեց, որ փորձ է կատարվում նպաստից անցում կատարել դեպի զբաղվածություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս