
Facebook ընկերությունը մեսենջեր է գործարկում երեխաների համար

Facebook կորպորացիան գործարկում է մեսենջեր, որը նախատեսված է երեխաների համար: Նոր հավելվածը, որն ստացել է Messenger Kids անվանումը, ծնողներին հնարավորություն է ընձեռում լիովին վերահսկել այն, թե ում հետ է շփվում իրենց երեխան: Այդ մասին նշված է սոցիալական ցանցի կայքում:
«Այսօր մենք ԱՄՆ-ում ներկայացնում ենք Messenger Kids-ի՝ նոր հավելվածի պրեվյուն, որը երեխաներին թույլ է տալիս անվտանգ կապվել տեսաչաթով եւ հաղորդագրություններ փոխանակել իրենց ընտանիքի եւ ընկերների հետ, երբ նրանք չեն կարող միասին լինել»,- ասված է դեկտեմբերի 4-ին տարածված մամուլի տեղեկագրում: Կորպորացիայում նշել են, որ հավելվածը տեղակայվում է երեխայի պլանշետում կամ սմարթֆոնում:
Մեսենջերը վերահսկվում է ծնողի օգտահաշվի միջոցով, որը հնարավորություն է ստանում հետեւելու իր երեխաների շփումներին: Այսպիսով, երեխան կարող է կապվել միայն նրանց հետ, ում հավանություն են տվել նրա ծնողները: Ինչպես նշել է Associated Press գործակալությունը, նոր հավելվածի նպատակային լսարանը մինչեւ 13 տարեկան երեխաներն են: Այս պահին մեսենջերի պրեվյուն App Store-ում ներբեռնման համար մատչելի է միայն ԱՄՆ-ի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: