
Կարլո Անչելոտին հրաժարվել է աշխատել Իտալիայի հավաքականի հետ

58-ամյա մասնագետը նախընտրում է ակումբային կյանքը: «Միլանի», «Չելսիի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ցանկանում աշխատել Իտալիայի հավաքականի հետ:
«Ֆուտբոլի ֆեդերացիան կապվեց ինձ հետ, մենք զրուցեցինք: Ես խոստովանեցի, որ ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ այդքան մարդիկ ուզում են ինձ տեսնել Իտալիայի հավաքականի ղեկին: Բայց դա բոլորովին այլ աշխատանք է: Ազգային թիմը և ակումբը մարզելը տարբեր բաներ են, իսկ ինձ առաջվա նման դուր է գալիս ամեն օր աշխատելը»,- ասել է Անչելոտին La Domenica Sportiva հաղորդման եթերում:
Ավելի վաղ Gazzetta dello Sport-ը հաղորդել էր, որ Անչելոտին կգլխավորի հավաքականն ամռանը: Իտալիայի հավաքականը Ջամպիերո Վենտուրայի գլխավորությամբ պարտվեց Շվեդիային և վերջին 60 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի ԱԱ-ին: Անչելոտին սեպտեմբերին հեռացվեց «Բավարիայից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը