ԿԲ կանխատեսումներով՝ սպասվում է էական գնաճ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնաճ: Արդեն առաջիկայում, ինչպես նշված է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստի մի քանի գործոն:

Ըստ ԿԲ-ի՝ հասարակության մոտ նկատվում է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ինչին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը և հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերվում է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:

Հաջորդ գործոնը, որը կարող է նպաստել գնաճին, պայմանավորված է Հայաստանի՝  ԵՏՄ անդամակցությամբ և հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը:

Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաև դեղագործական որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանածագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:

Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետևանքով մի քանի ապրանքատեսակ կթանկանա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման  հետևանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ-որ տեղ նույնիսկ դրական երևույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտոգազի) պարագայում:

Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար  դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմված գազի պարագայում ներկայումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս