
Facebook-ը նոր գրասենյակ է բացել Լոնդոնում

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը, որը դեկտեմբերի 4-ին նոր գրասենյակ է բացել Լոնդոնի Oxford Street գլխավոր առեւտրական փողոցից ոչ հեռու, մտադիր է 2018 թվականին Մեծ Բրիտանիայում 50 տոկոսով ավելացնել հաստիքակազմը եւ նոր շենքում տարածք տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների:
Այդ մասին ասված է տեխհսկայի հաղորդագրության մեջ: Պլանավորվում է, որ հաջորդ տարվա վերջին Մեծ Բրիտանիայում ընկերության աշխատակիցների թիվը կավելանա մինչեւ ավելի քան 2,3 հազար, որոնց կեսն զբաղված կլինի ինժեներական մշակումների բնագավառում:
Այսպիսով, Բրիտանիայում գրասենյակը կդառնա Facebook-ի խոշորագույն ինժեներական հանգույցն ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Ընկերությունը նաեւ մտադիր է գործարկել հատուկ ծրագրեր տեխնոլոգիական ստարտապների օժանդակման համար, որոնք նախատեսված են երեք ամսվա համար: Սպասվում է, որ հաջորդ տարի շուրջ 20 նոր նախագծեր կկարողանան ստանալ Facebook-ի մասնագետների փորձագիտական աջակցությունը՝ մշակելով իրենց գաղափարներն ընկերության նոր յոթհարկանի գրասենյակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: