Դոնալդ Թրամփի խոշոր հաղթանակն ու նոր վտանգը
Վերջապես ԱՄՆ-ի նախագահին հաջողվեց խոշոր հաղթանակ տանել՝ Սենատում անցկացնելով հարկերի կրճատման իր նախաձեռնությունը: Նույն օրը Սենատի հարեւանությամբ՝ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի գրասենյակում, Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական գեներալ Մայքըլ Ֆլինն իրեն մեղավոր ճանաչեց ամերիկյան հատուկ ծառայություններին սուտ ցուցմունք տալու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Այսպիսով, ռուսներն օգնում են Թրամփին հաղթել նախագահական ընտրություններում, որի համար նախագահ Օբաման Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ընդունում: Իսկ Ֆլինը, հանդիսանալով նախագահի մոտ մարդկանցից մեկը, ռուսներին ասում է՝ մի անհանգստացեք պատժամիջոցների համար, մենք դրանք կհանենք: Այնուհետեւ՝ ստում որ չի ասել», – նշում է ԱՄՆ-ի կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը:
Նախագահ Թրամփը համաձայն չէ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ.
«Ապացուցված է, որ որեւէ գաղտնի համաձայնություն չի եղել, բացարձակապես՝ ոչ: Այնպես որ մենք ուրախ ենք»:
Նախընտրական եւ հետընտրական շրջանում Մայքըլ Ֆլինը նախագահ Թրամփի ամենամոտ մարդկանցից է եղել, կոշտ քննադատելով դեմակրատ թեկնածու Քլինթոնին.
«Այո, փակենք այդ կնոջը»:
Այժմ հարցն այն է, թե ինչ տեղեկություններ է տրամադրելու գործարքի գնացած Ֆլինը Ռուսաստանի միջամտության հարցով հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի թիմին: Մինչդեռ, նախագահ Թրամփը փորձում է ի վերջո հարկերի իջեցման իր ծրագրային նախաձեռնությունն օրենքի վերածել.
«Մարդիկ շատ երջանիկ են լինելու, ստանալով հսկայական հարկային կրճատումներ, հարկային բեռի կրճատում՝ հենց այն, ինչի կարիքն ունի երկիրը»:
Սենատն ու Ներկայացուցիչների պալատը, որոնք ընդունել են հարկերի կրճատման տարբեր նախագծեր, պետք է այժմ համաձայնության գան վերջնական նախագծի շուրջ, որն էլ քվեարկության է հանվելու Կոնգրեսի երկու պալատներում: Եվ մինչ հանրապետականները հայտարարում են, որ հարկերի կրճատումը տնտեսության զարգացում կապահովի, դեմոկրատներն անհանգստացած են, որ հարկերի զգալի կրճատում ստանալու են առաջին հերթին հարուստները, մինչդեռ այն կհանգեցնի Ամերիկայի 20 տրիլիոն դոլարի հասնող ազգային պարտքի ավելացմանը: