ՌԴ իշխանությունները հոգեբանորեն, իրավականորեն, կառավարման մակարդակում չեն ընկալում ԽՍՀՄ-ի փլուզումը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ են մոլեգնում ռուսական հեռուստաալիքները: Սա հարց չէ նրանց համար, որ ժամանակ ունեն կամ իմաստ են տեսնում ՌԴ հեռուստաալիքների քաղաքական հաղորդումները նայելու, գիտեն բանավեճերի նպատակը, մակարդակն ու տոնայնությունը, առավել ևս համարժեքությունը իրականությանը:

Այդ հաղորդումները ակնհայտ են դարձնում.

1. Ռուսական ներքին ու արտաքին քաղաքականության թերարժեքության բարդույթը, որ հեռուստամեկնաբաններն ու նրանց անփոփոխ հյուրերը փորձում են թաքցնել հեգնանքի, սարկազմի, ցինիզմի շղարշի տակ` ստեղծելով տպավորություն, որ ամբողջ աշխարհը իրենց դեմ է և իրենք միայնակ դիմակայում են համաշխարհային դավադրությանը:

Ուստի պիտի համախմբվեն ու հարցեր չտան:

2. ՌԴ իշխանությունները հոգեբանորեն, իրավականորեն, կառավարման մակարդակում չեն ընկալում ԽՍՀՄ-ի փլուզումը ու հետխորհրդային տարածքում քառորդ դար առաջ ձևավորված հանրապետություններին չեն ընկալում անկախ պետություններ, պատրաստ չեն նրանց հետ գործընկերային հարաբերությունների:

Քաղաքական, փորձագիտական, լրագրողական մակարդակում այդ վերաբերմունքն արագ ու հեշտ փոխարկվում է վիրավորանքի, ստի, զրպարտության, գործում է սեփական անխոցելիության ու ճշմարտության գիտակցությունը:

Անպատժելիության ու անպատասխանատվության: Քաղաքական գործիչներին ոչ ոք ընտրությունների ժամանակ չի հիշեցնի իրենց հայտարարությունները ու «հաշիվ չի ներկայացնի»` չստացված քվեի տեսքով:

Ընտրությունները Ռուսաստանում միջոցառում են, որտեղ նշանակվում են տարբեր մակարդակի իշխանավորներ:

3. Հեռուստաէկրանից Հայաստանի հասցեին հերյուրանքների վերաբերյալ զարմանալիորեն համընկավ ՌԴ ու ՀՀ իշխանավորների գնահատականը` նրանք համատեղ չկիսեցին լրատվամիջոցների տեսակետները և շեշտեցին ՌԴ քաղաքական իշխանության լոյալ վերաբերմունքը:

Ռուսական հեռուստաընկերությունները կատարում են պետական պատվեր` նրանք ասում են այն, ինչ իշխանությունը ուզում է տեղ հասցնել, բայց անհրաժեշտ չի համարում պետական քաղաքականության մաս դարձնել: Դա նորություն կամ գաղտնիք չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս