
Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը կհրապարակվի ավելի ուշ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ չէ հայտարարել այն որոշման մասին, որը վերաբերում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին: «Ճանաչումից հրաժարվելու մասին ոչ մի հայտարարություն չի լինելու»,- ասել է նա եւ հավելել, որ ավելի վաղ Թրամփը հասկանալ է տվել, որ դա վերաբերում է ոչ թե «եթե», այլ «երբ» հարցին, իսկ որոշման մասին կհայտարարվի «առաջիկա օրերին»:
Մինչդեռ արաբական եւ արտասահմանյան մի շարք այլ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն, ընդգծելով, որ դա կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սաստկացման եւ կխարխլի խաղաղ ջանքերը Մերձավոր Արեւելքում:
Այսպես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, թե անհանգստացած է Վաշինգտոնի հնարավոր նման որոշումից: Մակրոնը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը կարող է որոշվել միայն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցությունների արդյունքում:
Հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան տարածած հակիրճ հաղորդագրության մեջ ասված է, որ պետությունների ղեկավարները «համաձայնել են, որ Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: