
Գիտնականները բացահայտել են ավելորդ քաշի նոր սպառնալիքները

Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը մահացության մակարդակի վրա ազդում է շատ ավելի մեծ չափով, քան ավելի վաղ համարվում էր: Հետազոտության արդյունքները հրապարակված են EurekAlert պորտալում։
Համալսարանի աշխատակիցները վերլուծել են մարմնի զանգվածի բարձր եւ ցածր ինդեքսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Հետազոտությանը մասնակցել են 60 հազար երեխաներ եւ ծնողներ: Գիտնականները կատարել են պացիենտների մարմնի զանգվածի, նրանց ֆիզիկական վիճակի եւ ընտանիքներում մահացության միջեւ փոխադարձ կապի վերլուծություն:
Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի հետ համատեղ բրիստոլցի գիտնականները պարզել են, թե ինչպես է ծնողների մահացությունը կապված իրենց մարմնի զանգվածի եւ իրենց երեխաների մարմնի զանգվածի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշը մահվան վտանգը շատ ավելի է մեծացնում, քան ավելի վաղ համարվում էր:
Նախորդ հետազոտությունները չեն կարողացել նկատել ճարպակալման եւ մահացության միջեւ «զուտ» փոխադարձ կապը: Խնդիրն այն էր, որ գիտնականների եզրակացությունների վրա ազդել են մարդու տարած այլ հիվանդություններ: Այս հետազոտությունը հերքում է այն առասպելը, թե մարմնի զանգվածի ոչ մեծ ավելցուկը չի կարող լրջորեն ազդել մարդու առողջության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: