«Ես կցանկանայի, որ հետագայում պարզվի, որ Վահան Շիրխանյանն այդ ամենն ասել է՝ առանց Ս. Օհանյանի հետ զրույցի». Գառնիկ Իսագուլյան

Ինչպես հայտնի է, օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննության ժամանակ հրապարակվեցին ձայնագրությունների արձանագրություններ, ըստ որոնց՝ խումբը պատրաստվել է սպանել նախագահ Սերժ Սագսյանին և իշխանությունը հանձնել այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

«Արթուր Վարդանյան. «Ասենք՝ Սերժը վարի գնաց, դու ո՞նց ես տեսնում…»:
Վահան Շիրխանյան. «Ամեն ինչ անցնում ա Սեյրանի ձեռքը, նա միանգամից կշարժվի մեր ասածով»:

Արթուր Վարդանյան. «Իսկ եթե չշարժվի՞ մեր ասածով»:

Վահան Շիրխանյան. «Անհնար է»:

Արթուր Վարդանյան. «Եթե արդեն ուժը իրա ձեռքին ա, անհնար ոչինչ չկա»:

Վահան Շիրխանյան. «Նա ամբողջ իրա ապագան կապում ա մեզ հետ: Ողջ ապագան: Ընտրովի լինի, զոռով լինի, կապ չունի»:

Արթուր Վարդանյան. «Ինքը ո՞նց ա տենում դրանից հետո իրա կարգավիճակը՝ Սեյրանը»:

Վահան Շիրխանյան. «Ուրեմն՝ կարգավիճակը օրենքով, Սահմանադրությունով պիտի լինի: Դնել ինչ-որ ժամանակավոր կառավարություն, էս-էն Հայաստանի դեպքում հնարավոր չէ: Ընտրություններ են լինելու: Մեր թեկնածուին կընտրեն»:

Արթուր Վարդանյան. «Ընտրությունները պետք ա կազմակերպվի մաքուր, չէ՞»:

Վահան Շիրխանյան. «Իհարկե: Բա դրա համար է էս Միությունը ստեղծվում»»,- ահա արձանագրությունից մի հատված:

168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ հեռախոսով չի ուզում խոսել, իսկ հանդիպել նույնպես չի կարող, քանի որ գտնվում է քաղաքից դուրս:

Մենք Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ է նա հավանական համարում Ս. Օհանյանի կապը զինված խմբի հետ:

Ի պատասխան՝ նա ասաց, որ ելնելով անմեղության կանխավարկածից՝ տեղին չի համարում մինչև դատարանի կողմից դատավճռի հրապարակումը և այն օրինական ուժի մեջ մտնելը որևէ հաստատում անել՝ կապված քրեական գործով անցնող նյութերի, առավել ևս՝ անձանց վերաբերյալ:

«Եթե պարզվի, որ ձայնագրությունը համապատասխանում է իրականությանը, առավել ևս՝ եթե պարզվի, որ Վահան Շիրխանյանը նման զրույց է ունեցել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ու դա մնացել է անհետևանք այն տեսանկյունից, որ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցներ չի ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ, ապա, կներեք, հետևությունն ու հետևանքը պետք է լինի միանշանակ. այն է՝ այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան լիազորություններ ունեցող մարմինները:

Բայց ես կցանկանայի, որ հետագայում պարզվի, որ Վահան Շիրխանյանն այդ ամենն ասել է՝ առանց Ս. Օհանյանի հետ զրույցի, որի մասին ինքն ակնարկում է այն ակնկալիքով, որ դրանով ինքը ոգևորում է հանցագործ խմբին՝ էլ ավելի վստահ գնալ նախօրոք ծրագրավորված հանցավոր գործողությունների»,- նշեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս