
Իսպանիայի դատարանը որոշեց կալանքի տակ թողնել Կատալոնիայի կառավարության նախկին փոխղեկավարին

Իսպանիայի Գերագույն դատարանը (ԳԴ) որոշել է կալանքի տակ թողնել Կատալոնիայի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասին: Այդ մասին ասված է ատյանի՝ դեկտեմբերի 4-ին տարածված որոշման մեջ:
Դրանում նշվում է, որ դատավոր Պաբլո Լյարենան որոշում է ընդունել՝ «առանց գրավի կալանքի տակ վերցնելու» Ժունկերիսին, ինչպես նաեւ «ներքին գործերի հարցերով նախկին խորհրդական Ժոակիմ Ֆոռնին եւ Կատալոնիայի ազգային ասամբլեայի ու «Օմնիում կուլտուրալ»-ի (երկու կազմակերպություններն էլ հանդես են գալիս թագավորության կազմից տարածաշրջանի դուրս գալու օգտին) առաջնորդներ Ժորդի Սանչեսին եւ Ժորդի Կուիշարտային»:
«Դատավորը գտնում է, որ փախուստի վտանգ չկա, սակայն ուշադրության է առնում հանցավոր ռեցիդիվի վտանգն այն չորս մարդկանց դեպքում, որոնց թողնում է բանտում»,-նշվում է որոշման մեջ:
Կաբինետի մյուս նախկին վեց անդամներին, որոնք կալանքի տակ են վերցվել նոյեմբերի 2-ին, թույլատրված է ազատ արձակել 100 հազար եվրո գրավի դիմաց: Քաղաքական գործիչները դատարանում ցուցմունքներ են տվել դեկտեմբերի 1-ին: Ժունկերասը խոստացել է իր քաղաքական համոզմունքները պաշտպանել երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով եւ նշել է, որ ցանկանում է ազատություն ստանալ՝ դեկտեմբերի 21-ին տարածաշրջանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրարշավին մասնակցելու համար: Դատախազությունը կատալոնական կառավարության նախկին անդամներին մեղադրում է ապստամբության, խռովության եւ վատնումների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: