«Հայաստանի հեղինակությունը բարձրացել է. Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկի, որը կվնասի Հայաստանի շահերին». Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ սիրիական ձևաչափը տեղափոխվի Արցախի Հանրապետություն, չբացառեց, որ Սիրիայի խաղաղ կարգավորման առևտրի ընթացքում Թուրքիան կփորձի սեղանի վրա դնել նաև Արցախի հարցի կարգավորման խնդիրը։
«Սիրիայում տեղի ունեցող գործընթացները, իհարկե, ազդում են նաև Հարավային Կովկասի վրա։ Փաստորեն, Սիրիայում իրադրությունը մտնում է նոր փուլ, ռազմական գործողությունները հիմնականում ավարտված են, սկսվում է բանակցային փուլը։
Ընդ որում՝ բանակցային փուլը բավական կնճռոտ հարցեր պետք է փորձի լուծել, որոնք առկա են բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև։ Այս պայմաններում, իհարկե, Թուրքիան փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ ինքն արդեն Սիրիայի հյուսիսում ունի զինված ուժեր, և ըստ էության, գնալով կուժեղացնի դրանք։ Իսկ սա ռեալ հնարավորություն է՝ բանակցային գործընթացում փորձել որոշակի առավելությունների հասնել և առևտրի մեջ մտնել բանակցային գործընթացում ներգրավված այլ կողմերի հետ։
Չմոռանանք, որ նախատեսված է, որ դեկտեմբերին պետք է փորձ արվի հրավիրել Սիրիայի խաղաղության մասին կոնգրես, որին պետք է հնարավորինս մեծ թվով ուժեր մասնակցեն։ Հիմա տեղի են ունենում անդրկուլիսային, դիվանագիտական մակարդակով քննարկումներ՝ այս կոնգրեսն իրականություն դարձնելու համար։ Չի կարելի բացառել, որ առևտրի ընթացքում Թուրքիան կփորձի սեղանի վրա դնել նաև Արցախի հարցի կարգավորման խնդիրը»,- մասնավորապես ասաց թուրքագետը։
Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ Հայաստանի հեղինակությունը վերջին շրջանում աշխարհաքաղաքական առումով բարձրացել է. «Սա պայմանավորված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ, Արցախի վերաբերյալ ՀԱՊԿ վերջին հայտարարությամբ։ Բացի այդ, ռուս-թուրքական համակարտությունը Հարավային Կովկասում ոչ մի տեղ չի անհետացել։ Հարավային Կովկասը Ռուսաստանի կողմից դիտարկվում է իր աշխարհաքաղաքական ազդեցության գոտի, իսկ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում ուժեղացնել իր ազդեցությունը։
Եվ Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկի, որը կվնասի Հայաստանի շահերին, քանի որ նա գնալով ավելի մեծ նշանակություն պետք է տա Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Հայաստանը Ռուսաստանի վերջին հենարանն է Հարավային Կովկասում։ Նույնը վերաբերում է նաև Արևմուտքը ներկայացնող համանախագահներին։ Հետևաբար՝ Թուրքիան չի կարողանա հասնել իր նպատակին»։
Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, թուրքագետն ասաց, որ չեն լինի այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կտրուկ կփոխեն իրադրությունը։