Բաժիններ՝

Չավուշօղլուն մեղադրել է գյուլենականներին ԱՄՆ կոնգրես ներխուժելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները ներխուժել են անգամ Միացյալ Նահանգների կոնգրես և այլ համակարգեր: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մենք քաջատեղյակ ենք այն բոլոր խաղերից, որ խաղացվում են մեր դեմ: Գիտենք, թե այսօր գյուլենականներն ԱՄՆ-ում ինչ են փորձում անել, ինչպես են մտել ամերիկյան կառույցներ և դատական համակարգ, այս մասին ասում ենք ամերիկացիների երեսին, նրանց թիկունքից չենք խոսում: Գյուլենականները ներխուժել են Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններ, ամերիկյան դատական համակարգ և կոնգրես, ամեն տեսակի կառույցներ»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս