Բաժիններ՝

«ՇՊՀ ռեկտորն ինձ ասաց, որ 2 ժամվա ընթացքում կարող է պատմություն սովորել, մտնել լսարան ու պատմություն դասավանդել». Գագիկ Համբարյան

«Մեր բուհի ռեկտորը բացարձակ գաղափար չունի, թե ինչ է բուհական կրթությունը, և քանի որ ինքը երկար տարիներ աշխատել է հանրակրթության ոլորտում և այնտեղ հիմնականում գործել է «բեսպրեդելության» վարքագծով, գտնում է, որ նույնը կարող է անել բուհում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Գ. Համբարյանն օրերս բարձրաձայնել էր, որ ՇՊՀ-ի 7 ուսանող դուրս են մնացել համալսարանից՝ ռեկտորի մեղավորությամբ:

Մեզ հետ զրույցում Գ. Համբարյանն ասաց, որ նոյեմբերի 29-ին ՇՊՀ ռեկտորն իրեն իրավունք է վերապահել 7 ուսանողների, որոնք օգտվում են տարկետման իրավունքից, վտարել բուհից. «Բուհի ռեկտորը պետք է գիտենա՝ մինչև երբ է նրան օրենքը թույլ տալիս վտարել ուսանողին բուհից: Ինքը բարեփոխումների անվան տակ նախազորակոչային պատրաստություն բաժինը դուրս բերեց ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետից, առանձին ստորաբաժանում ստեղծեց: Ռեկտորը պետք է ուսանողին իրազեկեր, որ ինքն ունի ակադեմիական պարտքեր, ու այդ ակադեմիական պարտքերն ինքը պետք է համապատասխանաբար հանձնի մինչև սեպտեմբերի 15-ը: Համալսարանի ռեկտորը պետք է ձևավորի հանձնաժողովներ, կազմի ժամանակացույց լուծարքների համար, ու դրանից հետո, եթե ուսանողը չի հանձնում այդ լուծարքները, ինքը նոր վտարվում է»:

Գ. Համբարյանը նկատեց, որ ՀՀ բուհերից վերջին ուսանողին վտարում են սեպտեմբերի 20-ին, որից հետո բոլոր բուհերում ստորագրվում է փոխադրական, և այն բոլոր ուսանողները, որոնք ակադեմիական և վճարի պարտքեր չունեն, փոխադրվում են հաջորդ կուրս, իսկ տարկերում ստացած տղաների մասով բուհը «26 ձևի» փաստաթուղթն ուղարկում է այն զինկոմիսարիտները, որտեղ նրանք կցված են որպես զինապարտներ:

Գ. Համբարյանի խոսքով՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, «թքած ունենալով այս ամենի վրա, կոպտորեն խախտելով բոլոր օրենքները և փորձելով կոծկել իր փնթի աշխատանքը և անօրինականությունները, նոյեմբերի 29-ին կանչում է այդ 7 ուսանողներին և հայտնում, որ նրանք վտարված են»:

Հարցին, թե Կրթության և գիտության նախարարությունը խնդրին տեղյա՞կ է՝ Գ. Համբարյանը պատասխանեց, որ իրենք հույսեր չեն կապում Կրթության և գիտության նախարարության հետ. «Որովհետև նախարար Լևոն Մկրտչյանը մեր բուհի ռեկտորի մտերիմ ընկերն է: 5 անգամ նախարարն է պաշտոն զբաղեցրել, 20 տարի էլ պարոն Մինասյանն է եղել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ: Բազմաթիվ համագործակցությունների մեջ են եղել:

Մենք կշարունակենք մեր պայքարը: Այն, ինչ տեղի է ունենում, ՇՊՀ-ում ամենաթողության գագաթնակետն է, սրա միակ մեղավորը ռեկտորն է, որը բացարձակ աղերս չունի բուհական կրթության հետ:

Այդ մարդը սկզբից էլ բացահայտեց իր անտեղյակությունը բուհից, երբ ինձ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքն ընդամենը 2 ժամվա ընթացքում կարող է պատմություն սովորել, մտնել լսարան ու պատմություն դասավանդել: Ահա այդ անձի մակարդակը և պատկերացումները բուհական կրթության մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս