Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի գումարը նվազեցվել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի գումարը նվազեցվել է, և կրճատվող գումարն ուղղվել սրտի անհետաձգելի վիրահատական ծրագրին:
2015 թվականի հունվարից կյանքի կոչված այդ ծրագրի շրջանակում իրականացվում է անվճար ստենտավորում, եթե հիվանդի վիճակը կրիտիկական է և նրա կյանքին վտանգ է սպառնում:
Բուժհաստատությունները դրա դիմաց փոխհատուցում ստանում են պետական բյուջեից, այժմ, փաստորեն, նաև սոցփաթեթի համար հատկացված գումարի մի մասից: Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի գումարային արժեքը 52+8 հազար դրամ էր: 8 հազարի շրջանակում նրանց տրամադրվում է կանխարգելիչ բուժօգնություն, իսկ 52 հազարով՝ առողջության ապահովագրություն:
«ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պատասխանելով մեր հարցին, հաստատեց, որ սոցփաթեթի առողջության ապահովագրության մասը նվազել է՝ հասնելով 38 հազարի: Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, նա արձագանքեց. «Չգտանք մնացած փողը, տրոհվել էր»: Նախարարը չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ նվազած գումարի չափով միջոցներն ուղղվել են սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրին:
«Չեմ կարող ասել՝ որտեղ է տրոհվել, բայց տրոհվել է: Ամեն դեպքում այսօրվա դրությամբ մենք հնարավորություն ունենք 38 հազարով տրամադրել նույն ծառայությունները, ինչ որ 52 հազարանոց փաթեթում էր»,- ասաց նա՝ պարզաբանելով. «Առաջ ծրագրի եկամտաբերությունն ավելի շատ էր հաշվարկված: Մենք հիմա հաշվարկել ենք նվազագույն չափերով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: