
«Աֆրինի վրա հարձակվել կարող են, բայց այնտեղից դուրս գալը դժվար կլինի». Քուրդ պաշտոնյա

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (ԺՄԿ-PYD) կից գործող « Ժողովրդավարական հասարակության շարժման» (TEV-DEM)՝ գործադիր խորհրդի անդամ Ալդար Խելիլը արձագանքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե թուրքական կողմը ցանկացած պահի կարող է ներխուժել Սիրիայի Աֆրին շրջան:
Միջանկյալ նշենք, որ Աֆրինը գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
«Էրդողանը պատրանք է ստեղծում: Աֆրինի ժողովուրդը տարածքում դաշնություն ստեղծելու համար ամենավճռական կերպով ասում է «այո»: Մեր ժողովուրդը այսօր մեծ ոգևորվածությամբ գնում է ընտրության: Այդ պատճառով Էրդողանի հնարավոր հարձակմանը ամենավճռական կերպով պատասխանելու ենք: Աֆրինի վրա հարձակվել կարող են, սակայն այնտեղից դժվար կլինի դուրս գալ: Նրանք պետք է ժամանակից շուտ հրաժարվեն երազանքներից»:
Հիշեցնենք, որ Էրդողանը խոսելով Աֆրինում ռազմական գործողություններ սկսելու մասին, պարբերաբար օգտագործում է «մի գիշեր առանց զգուշացնելու կհայտնվենք» արտահայտությունը, որը պատմական հիմք ունի: 1974թ. հենց այդ արտահայտությունը կիրառեց Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Բյուլենթ Էջևիթը, երբ դրանից հետո թուրքական ուժերը ներխուժեցին Կիպրոս և օկուպացրեցին կղզու մի մասը: