
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը Էրդողանի հարազատներին առնչվող օֆշորային փաստաթղթեր է հրապարակել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) մամուլի խոսնակ Բյուլենթ Թեզջանը ԶԼՄ-ներին է հանձնել բանկային անդորագրեր, որոնք հաստատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների հասցեին հնչեցված մեղադրանքները:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Թեզջանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ցույց է տվել օրիգինալ բանկային անդորագրեր, որոնք ապացուցում են, որ Էրդողանի մտերիմների և հարազատները ներդրումներ են արել օֆշորային գոտիներում:
ԺՀԿ խոսնակը տեղեկացրել է, որ փաստաթղթերը հանձնելու են դատախազությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում միլիոնավոր դոլարների ներդրում են արել: Էրդողանն էլ պատասխանել էր, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից ու դուրս գալ քաղաքականությունից, եթե ընդդիմության առաջնորդը ապացուցի ասածները: