
Երևանի պետական կրկեսը կհամագործակցի Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության հետ

Երեւանի պետական կրկեսը կհամագործակցի Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանն ասաց, որ համագործակցության պայմանագիրն արդեն ստորագրված է: «Համագործակցության շրջանակում ԱՊՀ երկրների լավագույն կրկեսները հյուրախաղերով եւ բավական հարմար գներով կլինեն Երեւանում»,-ասաց նա:
Սոս Պետրոսյանի խոսքով` համագործակցությունը կնքվել է Ռուսաստանում` մշակութային ամենամյա փառատոնի շրջանակում, որտեղ այս տարի ամենամեծ բաժինը կրկեսին էր հատկացվել: «Ես այնտեղ ելույթ ունեցա «Հայկական կրկեսը եւ նրա գեղարվեստական արժանիքները թեմայով»,-ասաց նա:
Սոս Պետրոսյանը նշեց, որ ինքը օրերս որպես պատվավոր հյուր եւ ժյուրիի անդամ մասնակցել է Ծաղրածուների համաշխարհային փառատոնին, որն այս տարի նվիրված էր Օլեգ Պոպովին: «Հետաքրքիր տպավորություններ ունեցա: Ես միշտ մասնակցում եմ նման միջոցառումներին` մեր կրկեսում եւս լավագույն օրինակները կիրառելու համար»,-հավելեց նա: