Բաժիններ՝

Ռուս օլիգարխները տարեսկզբից հարստացել են 21,6 մլրդ դոլարով

Ռուսաստանցի 25 միլիարդատերերի միագումար կարողությունը 2017 թվականի 11 ամսվա ընթացքում աճել է 21,6 մլրդ դոլարով: Այդ մասին հայտնել է Bloomberg Billionaires Index-ը (BBI):

Ռուսաստանի ամենահարուստ մարդը մնում է «Սեվերստալ»-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը. նրա կարողությունը աճել է 2,32 մլրդ դոլարով եւ այժմ գնահատվում է 19,2 մլրդ դոլար: Երկրորդ տեղն զբաղեցնում է «Նորիլսկի նիկել»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինը. տարվա ընթացքում նա հարստացել է 1,32 միլիարդով՝ մինչեւ 17,9 մլրդ դոլար:

Նրան հաջորդում է ՆԼՄԿ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Լիսինը, որի կապիտալը հունվարից ի վեր աճել է 3,33 միլիարդով՝ մինչեւ 16,4 մլրդ դոլար: Իսկ ահա «Նովատէկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը տարեսկզբից աղքատացել է 1,19 միլիարդով: Բայց դա նրան չի խանգարել չորրորդ հորիզոնականն զբաղեցնել իր 16,1 մլրդ դոլար կապիտալով:

«Ռենովա» ընկերությունների խմբի հիմնական սեփականատեր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգն իր կարողությունն ավելացրել է 1,6 միլիարդով եւ 15,8 մլրդ դոլարով հայտնվել հինգերորդ հորիզոնականում:

«Ալֆա-գրուպ» կոնսորցիումի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը հարստացել է 1,04 միլիարդով (նրա կարողությունը գնահատվում է 14,3 մլրդ դոլար), իսկ USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը՝ 1,25 միլիարդով (կարողությունը՝ 14,2 մլրդ դոլար): Տասնյակում տեղ են գտել նաեւ «Եվրոխիմ»-ի հիմնական սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոն, որը հարստացել է 2,09 մլրդ դոլարով, Ռոման Աբրամովիչը, որն իր կարողությանն ավելացրել է 1,79 մլրդ դոլար, եւ «ԼՈւԿօյլ»-ի ղեկավար Վագիթ Ալեքպերովը, որի կապիտալն ավելացել է 244 մլն դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս