Բաժիններ՝

Եթերից հեռացնել ծախու լրագրողներին. Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է ռուսական ԶԼՄ-ներում հակահայկական ալիքի բարձրացումը

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Եվրամիության հետ Հայաստանի կնքած համաձայնագրից հետո ռուսական մի շարք լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից բարձրացված հակահայկական աղմուկը:

Ռուսաստանի հայերի միությունը արձանագրել է, որ որոշ շրջանակներ կնքված համաձայնագիրը ներկայացնում են որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն: Միությունն ընդգծել է, որ դժվար է հասկանալ, թե ինչն է այստեղ գերակշռում՝ տգիտությունը, թե այն արտաքին ուժերին ծառայելու մղումը, որոնք կցանկանային ստեղծել լարվածություն ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ գործընկերների շրջանում: «Եթե այդ վայ-փորձագետները չծուլանային և կարդային համաձայնագրի տեքստը, նրանց համար միանգամայն ակնհայտ կլիներ, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է իր գործընկերների նկատմամբ Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունների համաձայն, չի ենթադրում Հայաստանի մուտքը ԵՄ հետ միասնական տնտեսական տարածք և որևէ վտանգ չի ներկայացնում ԵԱՏՄ անդամ երկրների շահերի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունից հայտնել են, որ անպատասխանատու լրատվամիջոցների և քաղաքական գործիչների գործողությունները համընդհանուր դժգոհության ալիք են բարձրացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ հայկական համայնքի շրջանում:

«Մենք դիմում ենք իշխանություն ունեցող կառույցներին, որոնք, հուսով ենք, որոշակի ազդեցություն ունեն ռուսական ԶԼՄ-ների վրա, հեռուստաընկերությունների և այլ լրատվամիջոցների ղեկավարներին՝ պահանջելով եթերից հեռացնել ծախու լրագրողներին, վայ-քաղաքական գործիչներին ու «փորձագետներին», որոնց դիրքորոշումը որևէ կերպ արձագանք չի գտնում ռուսական հանրության շրջանում: Նրանք առաջին հերթին վնաս են հասցնում հենց տվյալ լրատվամիջոցին, որոնցով տիրաժավորվում է տգիտությունն ու գիտակցված ապատեղեկատվությունը, որը գժտություն է սերմանում մեր եղբայրական ժողովուրդների ու երկրների շրջանում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս