
ԱՄՆ-ը կրկին հրաժարվել է Չինաստանը ճանաչել շուկայական տնտեսություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես մերժել է Չինաստանի պահանջը՝ միջազգային առեւտրի կանոնների համաձայն իրեն ճանաչել շուկայական տնտեսություն։
Նոյեմբերի կեսերին ԱՄՆ-ն իր որոշումն ուղարկել էր Ժնեւ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայան, նոյեմբերի 30-ին այն հրապարակվել է: Ինչպես գրել է The Wall Street Journal -ը, Սպիտակ տան այս քայլը կարող է սաստկացնել լարվածությունն ամերիկա-չինական հարաբերություններում եւ հեռագնա հետեւանքներ կունենա Չինաստանի համար:
Այն երկրի առեւտրական գործընկերները, որը շուկայական տնտեսություն չի համարվում, ավելի լայն իրավունքներ ունեն այդ երկրից ներմուծման բարձր մաքսեր սահմանելու, քանի որ համարվում է, որ տնտեսությանը պետության միջամտությունը անարդարացի առավելություններ է ստեղծում արտադրողների համար:
Տնտեսագետների գնահատումներով՝ Չինաստանը շուկայական տնտեսություն ճանաչելուց Եվրամիության եւ ԱՄՆ-ի հրաժարումը Չինաստանի ընկերությունների վրա միլիարդավոր դոլարների արտահանական հասույթ է նստել, քանի որ մի շարք դեպքերում ՉԺՀ-ից ապրանքների համար ներմուծական մաքսերը գերազանցում են 100 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: