
Լեհաստանի գրեթե 300 հազար բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել ձնատեղումից հետո

Լեհաստանի գրեթե 300 հազար բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել առատ ձնատեղումից հետո: Այդ մասին հայտնել է անվտանգության կառավարական կենտրոնի տնօրեն Մարեկ Կուբյակը:
Վերջին մեկ օրվա ընթացքում Լեհաստանում այս տարեշրջանում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Մասնավորապես Վարշավայում ձյուն էր տեղում շուրջ 24 ժամ անընդմեջ: Ինչպես հայտնել է Կուբյակը Twitter-ի իր օգտահաշվում, երկրում ինտենսիվ ձնատեղումների հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել շուրջ 292 հազար մարդ, այդ թվում՝ Մազովեցկիի, Լոձի եւ այլ վոյեվոդություններում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, դեկտեմբերի 1-ին Լեհաստանում տեղ-տեղ կշարունակվի ձյունն ու ձնախառն անձրեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: